Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն

Տրանսպորտային միջոցները, առաջին հերթին, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցները, շրջապատի համար հանդիսանում են առավել մեծ վտանգի աղբյուր: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շահագործման հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) արդյունքում պատճառված վնասները չափազանց մեծ են: Այդ վնասների հետևանքով առաջացած ֆինանսական ծախսերը հատուցելու համար իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն:

Ապահովագրության պրակտիկայում գոյություն ունի տրանսպորտային միջոցների ապահովագրության երեք տեսակ.

1. Տրանսպորտային միջոցների ապահովագրություն կորստից և վնասից (ԿԱՍԿՈ)

2. Տրանսպորտային միջոցների տերերի` երրորդ կողմի հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն.

3. Դժբախտ դեպքերից վարորդների և ուղևորների ապահովագրություն, որի դեքում կարող են ապահովագրվել ինչպես բոլոր նստատեղերը միասին, այնպես էլ առանձին նստատեղեր:

ԿԱՍԿՈ-ն միջազգային տերմին է և իսպաներենից թարգմանաբար նշանակում է մեքենայի կամ նավի կմախք, իսկ ապահովագրության մեջ նշանակում է մեքենայի կամ այլ տրանսպորտային միջոցի կմախքի ապահովագրություն, այսինքն ապահովագրվում է միայն մեքենային հասցված վնասը: Ապահովագրվողի ցանկությամբ, լրացուցիչ ապահովագրավճար մուծելու պայմաններում ապահովագրական ծածկույթը կարող է նախատեսել նաև փոխհատուցում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռադիո, աուդիո և հեռահաղորդակցության սարքերի կորստի կամ վնասի համար:

Տրանսպորտային միջոցը կարող է ապահովագրվել.

1. ապահովագրության պայմանագրի կնքման պահին տվյալ մեքենայի շուկայական արժեքի չափով,
2. ոչ լրիվ արժեքի չափով` համամասնական ապահովագրության ձևով,
3. վարձակալած ավտոմեքենաների համար` վարձատուի նկատմամբ ապահովագրվողի պատասխանատվության գումարի չափով:

Ավտոապահովագրվող կարող է լինել թե° ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, թե° այն անձը, ով վարձակալությամբ շահագործում է ավտոտրանսպորտը: Ապահովագրության ենթակա են մարդատար, ուղևորատար, բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները:

Տրանսպորտային միջոցի ապահովագրության պայմանագիրը կնքվում է ապահովագրվողի գրավոր դիմում-հարցաթերթիկի հիման վրա, որտեղ մանրամասն տեղեկություններ են տրվում մեքենայի մասին, այդ թվում.

• ապահովագրության օբյեկտի մակնիշը,
• գույնը,
• արտադրության տարեթիվը,
• շարժիչի համարը,
• պետհամարանիշը,
• մեքենայի կայանման պայմանները (ավտոտնակ, ավտոկայան և այլն),
• հակաառևանգիչ միջոցների առկայությունը,
• ինչպես նաև բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ապահովագրական ռիսկի գնահատման համար:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրության դեպքում նշվում են նաև վարորդի անձնական տվյալները, վարորդական ստաժը և վարորդական իրավունքի համարը:

Նշված բոլոր տվյալները էական նշանակություն ունեն ապահովագրական սակագնի սահմանման համար: Ապահովագրության սակագնի վրա ազդում են նաև մեքենայի շահագործման վայրը, վարորդի ստաժը և որակավորումը, մեքենայի օգտագործման նպատակը:

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը պաշտպանում է ապահովագրվողների և երրորդ անձանց գույքային շահերը միայն այն դեպքում, երբ դրանք կրում են անկանխատեսելի և պատահական բնույթ:

Ապահովագրական ռիսկերը և պատահարները, որոնց տեղի ունենալու դեպքում ապահովագրողը կրում է պատասխանատվություն, սահմանվում են պոլիսում` ապահովագրության պայմանագրում:

Ապահովագրական հատուցումների մեծությունը չի կարող գերազանցել պոլիսում յուրաքանչյուր ռիսկի գծով սահմանված ապահովագրական գումարի մեծությանը: Ավտոմեքենայի դիտարկումն իրականացվում է ապահովագրվողի կամ նրա ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

Ավտոմեքենային հասցված վնասներն ապահովագրողի կողմից չեն հատուցվում, եթե պատահարը չի համարվում ապահովագրական: Այսինքն`, եթե պատահարը.

1. ապահովագրվողի կամ շահառուի դիտավորյալ գործողության հետևանք է
2. կապված է մեքենայի մաշվածության հետ
3. հետևանք է վարորդի ոչ սթափ` ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ մեքենան վարելու
4. հետևանք է մեքենան ուսումնական կամ մրցութային նպատակով օգտագործելու
5. տեղի է ունեցել ապահովագրության պայմանագրում սահմանված տարածքից դուրս
6. տեղի է ունեցել օրինական վարորդական իրավունք չունեցող անձի վարելու ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության մեջ սահմանված է հատուցման երկու ձև.

1) մեքենայի վերանորոգում` ապահովագրողին պատկանող կամ նրա հետ համագործակցող տեխսպասարկման կայանում, որը պատկանում է ապահովագրողին, կամ, որի հետ այն ունի համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր: Հատուցման այս ձևը հատկապես տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում:

2) դրամական հատուցում, եթե վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ապահովագրվողի մասնագետի կողմից, իսկ ապահովագրական ընկերությունը հայցը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա հատուցում է այդ ծախսերը:

Վնասի փոխհատուցումը կատարվում է 30 օրվա ընթացքում:

Ցանկացած տրանսպորտային միջոց կարելի է ապահովագրել գողությունից և ֆիզիկական վնասներից, որոնք արդյունք են պատահարի, թռչող կամ վայր ընկնող առարկաների հետևանքով առաջացած վնասների, հրդեհի, կենդանիների գործողությունների, երրորդ անձանց կողմից անօրինական գործողությունների:

Ավտոմեքենայի ապահովագրության համար վճարվող գումարը որոշվում է ելնելով հետևյալ գործոններից`

• Ավտոմեքենայի մակնիշը և մոդելը,
• Ավտոմեքենայի թողարկման տարեթիվը,
• Ավտոմեքենայի օգտագործման նպատակը,
• Պայմանագրում նշվող վարորդների քանակը և նրանց վարորդական ստաժը,
• Ձեր կողմից ընտրված ռիսկերի ծածկույթը,
• Ավտոտրանսպորտի պահպանության պայմանները:

Ցամաքային տրանսպորտի գողությունից, ֆիզիկական վնասից և այլ պատահարներից տրանսպորտային միջոցների ապահովագրության սակագինը Հայաստանում ընդհանուր առմամբ տատանվում է 1.38-7.77% միջակայքում` կախված մի քանի գործոններից:

Տրանսպորտային միջոցների ապահովագրություն իրականացնելու ժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

• Հաճախորդի (ավտոմեքենայի սեփականատիրոջ, ապահովադրի) անձնագիր,
• Ապահովադրի սոցիալական քարտ (առկայության դեպքում),
• Ապահովադրի բնակության հասցե,
• Ապահովադրի հեռախոսի համար,
• Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
• Լիազորված վարորդի անձնագիր,
• Լիազորված վարորդի սոցիալական քարտ (առկայության դեպքում),
• Լիազորված վարորդի վարորդական իրավունք,
• Ավտոմեքենան` զննման համար,
• Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:

Տրանսպորտային միջոցների ապահովագրություն իրականացնելու ժամանակ իրավաբանական անձը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

• Պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
• Գործունեության հասցե,
• ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
• Հեռախոսի համար,
• Իրավաբանական անձի կնիք,
• Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
• Լիազորված վարորդի անձնագիր,
• Լիազորված վարորդի սոցիալական քարտ (առկայության դեպքում),
• Լիազորված վարորդի վարորդական իրավունք,
• Ավտոմեքենան` զննման համար,
• Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:

                                                                                                                                                                                                                                                                       INSURANCE.am
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն
 

 © INSURANCE.am 2010-2013 Բոլոր իրավունքները պաշտպանված են:  Մեջբերումներ անելիս հղումը INSURANCE.am-ին պարտադիր է: